Եվրամիությունը մշակել է մեխանիզմ, որը թույլ կտա շրջանցել Կիևի համար սպառազինություն
գնելու Հունգարիայի վետոն՝ ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների: Այս
մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և
անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որը նախկինում մերժել էր ռուսական ակտիվների օգտագործման առաջարկը, «չպետք է մասնակցի (դրանց) օգտագործման վերաբերյալ որոշմանը»։ Բորելը նշել է, որ վետոն շրջանցելու մեխանիզմը կլինի «բարդ, ինչպես ցանկացած իրավաբանական որոշում, բայց աշխատող»։ Այս ռազմավարական քայլն
ընդգծում է Ուկրաինային աջակցելու ԵՄ հանձնառությունը՝ չնայած ներքաղաքական խնդիրներին
և անդամ երկրների տարբեր դիրքորոշումներին:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է,
որ ԵՄ-ն ավելի վաղ Հունգարիային առաջարկել էր սխեմա, նման այն սխեմային, որը
հունիսին համաձայնեցվել էր Բուդապեշտի և ՆԱՏՕ-ի միջև։ «Մենք Հունգարիային
առաջարկել ենք. ձեր գումարները ոչ մի կերպ չեն օգտագործվի Ուկրաինային աջակցելու
համար: Ոչ միայն (մահաբեր)
զենքի մատակարարման, այլև ուրիշ նպատակներով»,- հայտնել է Բորելը: Փոխարենը
Բուդապեշտը պետք է վստահեցներ ԵՄ երկրներին, որ վետո չի դնի Ուկրաինայի վերաբերյալ
որոշումների վրա։ Սակայն Հունգարիայի իշխանությունները, եվրոպական դիվանագիտության
ղեկավարի խոսքով, մերժել են այս առաջարկը։
Ինչպես գրում է պարբերականը, ԵՄ երկրների ԱԳ
նախարարները հունգարական վետոն շրջանցելու սխեման կքննարկեն հունիսի 24-ի նիստին։